Իմ անցած ուղին

Ես ծնվել եմ տանը, Երևանի երկար-պատշգամբավոր մի երկհարկանի շենքում, որը սենյակ առ սենյակ բաժանված էր սովետական հիմնարկությունների ծառայողներին: Հավաքված հարևանուհիները սիրով օգնել են շենքում բնակվող մանկաբարձուհուն, որ ընդունել է առողջ ու թմբլիկ մի մանչուկի: Լողացնելիս, երբ փորձ եմ արել բռնել տաշտակի կողը և վեր բարձրանալ, դատավոր Սիմոնի կինը՝ տիկին Նատոն, ասել է՝ «Օ՜, սա ճարտարապետ է դառնալու»: Ինչպե՞ս է ազդել իմ «ակտիվությունը» նրա վրա՝ չգիտեմ, սակայն տարիներ անց դա ես բացատրում եմ նրանով, որ այն ժամանակ արդեն Երևանի մտավորականությունը հավանաբար գտնվում էր ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի գործունեության տպավորության տակ և «ճարտարապետ» բառը ինչ-որ գովասանքի հետ էր հոմանիշվում:

Հայրս, փոքր եղբոր ձեռքից բռնած և ավելի փոքր քրոջը՝ մեջքին, գաղթել էր Վանի նահանգի Բերկրի գավառի Պստիկ գյուղից: 1915-ին գյուղի եկեղեցու բակում սպանել էին նրա հորը և մեծ եղբորը: Իրեն էլ մայրը աղջկա շորեր էր հագցրել, որ թուրքերը չտանեն, սակայն նկատել են, տարել, կանգնեցրել եկեղեցու պատի առջև և այն պահին, երբ մի ասկյար բարձրացրել է հրացանը կրակելու, մոտեցել է մի թուրք սպա, հրել է նրան ասելով, թե՝ «չպետք է գնդակահարես այս պատանուն»: Կարճ վիճաբանությունից հետո հորս ազատում են և տուն ուղարկում, որտեղ ուշաթափված տատիս կանայք ջանում էին ուշքի բերել… Թուրք հրոսակի հանդեպ ատելությունը չէր թուլանում հորս հոգում ընդհուպ մինչև նրա կյանքի վերջը, չնայած նա այնքան փափկասիրտ էր, որ արտասվում էր ոչ միայն տխուր դեպքերի առիթով, այլ նաև հաճելի խոսքից… Գաղթելուց հետո որբանոցում մեծանում է նա, մասնակցում քաղաքացիական կռիվներին:

Մորս ընտանիքը՝ Հարավային Հայաստանի Մակու քաղաքից է: Ավելի առաջավոր երկիր՝ Ռուսաստան տեղափոխվելու միտումով և ճանապարհին թեթև լինելու նպատակով, պապս փոխանակում է իր ոսկեդրամները ռուսական հարյուրանոցներով, բրդի փոխարեն կարում վերմակների ու ներքնակների մեջ և 1914-17-ին ընտանիքով անցնում է Բայազետ-Իգդիր-Բյուրական-Նոր Բայազետ-Երևան: 1917-ին, առաջին իսկ հեղափոխությունից հետո ամբողջովին արժեզրկվում են թղթադրամները, պապս վախճանվում է և ընտանիքն ընկնում է կարիքի մեջ: Մայրս վաղ է սկսել աշխատել: Դեռևս 20-ականների սկզբին, 13-14-ամյա աղջնակ, աշխատում է որպես Սարգիս Լուկաշինի հերթապահ-լրատարը (զեկուցող են կոչել): Մայրս տարեց է ինձանից ընդամենը 16 և կես տարով և գուցե այդ է պատճառը, որ նրա հանդեպ մի առանձին ջերմություն կա իմ երակներում…

Փոքր էր մեր ընտանիքը՝ ծնողներս, կրտսեր եղբայրս և ես (չորս ծնունդից՝ երկուսը): Տանը գրքեր էինք նայում, նկարում, կարդում, ինչ-որ բաներ հնարում ու պատրաստում, որոնք խնամքով պահում էր մայրս…

Դպրոցական տարիներին խաղն ու վազվզոցը վերջին տեղում էին, ավելի շատ սիրում էի ինքս ինձ հետ լինել, սիրում էի ընթերցանությունը, առանձնապես կլանվում էի հայրենասիրական երկերով և ինչպես բոլորը, նաև արկածային գրադարանով: Ընդամենը 12-13 տարեկան էի, երբ սկսեցի կարդալ Հ. Խան-Մասեհյանի հոյակապ թարգմանությունները Շեքսպիրից: Հիշում եմ հայոց լեզվի մեր ուսուցչին՝ ընկ. Ամատունուն, Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի սան, որը սիրով բացատրում էր գրքերից իմ արտագրած անհասկանալի բառերը (թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն): Գրքերից սիրում էի արտագրել նաև յուրաքանչյուր գեղեցիկ ու իմաստուն ասույթ, որ կուտակվելով դարձան աֆորիզմների մի ուսանելի գրքույկ: Գրասեր աշակերտներից մի քանիսը հիմնեցինք գրական մի խմբակ, հրատարակում էինք ձեռակերտ մի «ամսագիր»՝ մեր ստեղծագործություններով: Դա Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ ամիսներին էին և բնականաբար մեր տետրը հագեցված էր պատերազմի և հայրենիքի թեմաներով: Ես գրական փորձեր արել եմ դեռևս 10 տարեկան հասակում, բայց պատերազմը նոր խթան դարձավ չափածոյի միջոցով զգացածս արտահայտելու: Գրում էի Վահան Տերյանի, Ավ. Իսահակյանի, Եղիշե Չարենցի ազդեցության տակ: Հոգեկան մեծ բավականություն է գրելը, նույնիսկ հոդված գրելիս, մեծ հաճույք եմ ապրում…

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Երևանի պոլիտեխնիկականում վերաբացված ճարտարապետական մասնագիտությունը անսպասելիորեն ինձ տարավ իր ոլորտը, կարծես իրականացնելով օրորոցին ինձ արված կանխագուշակումը: Դժվար էին պատերազմի և ուսման տարիները, բայց մեզ՝ առաջին շրջանավարտներիս ոգևորում էր նախագծելու և կառուցելու համար մեր առջև բացվող կյանքի երկար ճանապարհը: Ավարտելուց հետո ինձ իրեն մոտ աշխատելու հրավիրեց իմ ուսուցիչը՝ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը: Պետք է խոստովանեմ, որ աշխատելու, ստեղծագործելու առումով ինչ-որ լավը կա իմ հոգում՝ գալիս է նրանից կամ կրել է նրա ազդեցությունը: Ստեղծագործական մեծ ունակություններին զուգահեռ, գործին չափազանց նվիրված ու աշխատասեր մարդ էր Սամվել Սաֆարյանը: Մենք աշխատում էինք անընդհատ: Ճիշտ է, ես աշխատանքի էի գալիս առավոտյան գեղարվեստական ինստիտուտում երկու ժամ նկարելուց հետո, սակայն աշխատում էի ամբողջ օրը, նաև երեկոյան ժամերին: Մեր արվեստանոցը գտնվում էր հենց «Արարատ» տրեստի կառուցվող շենքի երկրորդ հարկում և առնչվում էինք շինարարների հետ անմիջականորեն: Աշխատանքի այս ռեժիմը տևեց շուրջ 7 տարի, երբ 1955-ին մեր արվեստանոցը միավորվեց նոր կազմակերպվող «Հայպետնախագիծ» ինստիտուտի կազմում՝ պաշտոնական ողջ կարգուկանոնով: Սակայն իմ ստացած դաստիարակությունը այսօր էլ ստիպում է ինձ երեկոները տանը ինչ-որ գործ անել, այլապես այդ երեկոն կորած եմ համարում…

Սամվել Սաֆարյանի մոտ ես աշխատել եմ մինչև 1963 թ.: Բացի այն, որ կատարում էի իրեն հեղինակած շատ շենքերի գծագրերը, ինչպես Կառավարության երկրորդ տան, Գիտությունների ակադեմիայի (առաջին տարբերակը), Արզնու առողջարանի, Բյուրականի աստղադիտարանի, համատեղ կատարել ենք նաև տիպային նախագծեր, Լենինականի դրամատիկական թատրոնի շենքի առաջին փուլը և այլն: Մեր արվեստանոցում հաճախ էին լինում Ս. Սաֆարյանի մեծ գործընկերն ու բարեկամը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Այդ ժամանակ էլ հենց մենք կատարեցինք Սովետական երկրի խոշոր գործիչների պանթեոնի մրցույթային նախագիծը: Ռ. Իսրայելյանի տաղանդը և մարդկային վեհ հատկությունները մեզ բարեկամ դարձրին մշտապես…

Իմ առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է մեր ընտանիքի համար նախագծված առանձնատունը, որ ես կատարել եմ 1947 թ., դեռևս չորրորդ կուրսում ուսանելիս և որը հավանության արժանացավ ու հաստատվեց Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ Գ. Աղաբաբյանի կողմից: Առանձնատան կառուցումը, որ ինձ համար, իհարկե, հասունանալու դպրոց էր, բերեց նաև մեծ հոգսեր: Դժվար էր և՛ ուսանել (հետագայում՝ աշխատել), և՛ կառուցել, և՛ ճարտարապետական մրցույթներին մասնակցել, և՛ տեսությամբ զբաղվել… Կոփվե՞լ է դա կոչվում, թե ուժերի ջլատում, ես այսօր էլ որոշակի պատասխան չունեմ… երևի երկուսն էլ:

1955 թ. նոյեմբերից, ընդունվելով հեռակա ասպիրանտուրա, սկսեցի նաև դասավանդել ԵՐՊԻ-ի ճարտարապետության բաժնում: Այն օրվանից դասավանդումը, ուսանողի հետ աշխատանքը իմ կյանքում հերթագայվել է ստեղծագործական, գիտական աշխատանքների հետ: Իհարկե, իմ գործունեության առյուծի բաժինը վերցրել է նախագծումը և շենքերի իրականացումը՝ մի անսպառ, անսկիզբ ու անվերջ աշխարհ…

Ես աշխատել սկսեցի, երբ սովետահայ ճարտարապետության մեջ իշխում էր Ալ. Թամանյանի ոգին: Սամվել Սաֆարյանի ռացիոնալիզմը քիչ ազդեցություն չէր թողնում մեր աշխատանքների վրա: Նա, իր սեփական պրպտումներով, նախագծի վրա տարվող անընդմեջ ու լարված աշխատանքով, բազմաթիվ տարբերակների սպառիչ ու մանրամասն համեմատություններով, կարողանում էր գալ գեղարվեստապես հագեցված ու հիմնավորված լուծումների: Ս. Սաֆարյանի ազդեցությունը երիտասարդների վրա շատ մեծ էր: Մենք էլ նրա պես աշխատում էինք կոնստրուկցիային հարազատ, մոդուլային ցանցի հիման վրա, կոմպոզիցիայի հստակ ու պարզ լեզուն գերադասվում էր ճոխից:

Արվեստանոցում իմ կատարած առաջին ինքնուրույն գործը ֆինանսական տեխնիկումի նախագիծն էր: Առանձնակի ուշադրություն դարձնելով գլխավոր ճակատի մեկնաբանման ու համաչափությունների վրա, ես ձգտել եմ նորովի ընկալել մեր ճարտարապետության ձևերը՝ փորձելով փողոցի կառուցապատման հարթության մեջ ստանալ առավել պլաստիկ միջավայր:

Ստեղծագործական աշխատանքի առաջին իսկ տարիներից իմ խառնվածքին մոտ է եղել մրցույթի միջոցով մտքերս ու կարողություններս ստուգելու զգացմունքը և անզուսպ մղում եմ ունեցել խորհել մրցույթային առաջադրանքի շուրջը: Իմ գործունեության առաջին տասը տարիների ընթացքում արդեն մասնակցել էի ոչ պակաս տասը հանրապետական ու համամիութենական մրցույթի՝ մեծ մասամբ մրցանակներով: Սեփական մտքերդ ու մոտեցումդ այլ ընթերցումների հետ համադրելու հիանալի միջոց է մրցույթը՝ հարուստ և ուսանելի և չափազանց անհրաժեշտ երիտասարդ ճարտարապետի համար, մի հարուստ փորձ, որ ստեղծագործողի ամենօրյա կուտակումի պես, մի գեղեցիկ օր, պոռթկալով, նոր խոսք է դառնում…

Իմ գործունեության առաջին իսկ տարիներից ստեղծագործական աշխատանքի կարևոր դպրոց եղավ նաև տիպային նախագծումը, որին ես նվիրել եմ ավելի քան 10 տարի: Այս բնագավառում բավական ընդարձակ են եղել իմ նախագծերը, որոնք ես կատարում էի Ս. Սաֆարյանի գլխավորած տիպային նախագծման բաժնում ընդհուպ մինչև 1963-ը, երբ նշանակվեցի Հայպետնախագծի ճարտարապետական թիվ 3 արվեստանոցի ղեկավար: Բազմաթիվ տիպային նախագծերից ես կուզենայի առանցնացնել սակավահարկ կցաշար տների սերիան, որ կատարեցի 1956-ի համամիութենական մրցույթի շահած առաջարկությունների հիման վրա և որոնք հետագայում հիմք դարձան իմ թեկնածուական դիսերտացիան կատարելու համար: Բնակելի տներ դրանից առաջ, իհարկե, նախագծել էի, բայց այդ աշխատանքը ինձ ստիպում էր ուսումնասիրել մեր ժողովրդական տների սկզբնաղբյուրները: Նրանց մեջ ես շատ իմաստուն ու վճիտ մտքեր գտա: Գիտենալով հանդերձ, որ ժողովուրդը ստեղծագործության անսպառ աղբյուր է, չես կարող չհիանալ ու չհրճվել այն անսպասելի հանդիպումներից, որ տեղի է ունենում ակունքն ուսումնասիրելիս, մանավանդ որ դա քո հարազատ ժողովուրդն է:

Սերը բնակելի շենքերի նախագծման հանդեպ պարգևել է ինձ ստեղծագործության երջանիկ պահեր: Հաճախ չնչին է թվում բնակարանում այս կամ այն հարցի ճշմարիտ լուծումը, չէ՞ որ ինքը՝ բնակարանը մի «չնչին» մեծություն է, օրինակ, հասարակական շենքի մեծածավալ խնդիրների համեմատ, սակայն հենց այդ փոքր հարցի լուծումն էլ կարող է մեծագույն հաճույք պատճառել: Ինձ միշտ էլ գրավել, գրավում է ու մեծ հաճույք պատճառում, օրինակ, մի մենատան նախագծի վրա օրեր ու շաբաթներ տքնելը՝ փնտրելով նրա, թվում է թե աննշմար մի պրոբլեմ, լծորդելով նրա վերջին սանտիմետրը ընտանիքի պահանջների, բնության, արևի ու համայնապատկերի հետ, որի մի մասն ես կազմում ինքդ՝ աշխատանքի խորասույզ ժամերի ընթացքում:

Բնակելի տների նախագծումների իմ պրպտումները, որ սկսվել էին դեռ 1956-ին, վերջապես բերեցին «մուտք-պատշգամբ» գաղափարին և դրա հիման վրա լուծված բնակարանների տիպերին, որ աչքի ընկան 1972-ին համամիութենական մրցույթում և հնարավորություն ընձեռեցին Էջմիածնի կենտրոնում կառուցել դրանց առաջին տարբերակները: Ձևափոխվող պատշգամբի ամենապարզ տիպը լինելով հանդերձ, այս սխեման արտահայտում է նախասենյակի և պատշգամբ-լոջիայի միավորման գաղափարը՝ բնակարանի մակերեսի էֆեկտիվ օգտագործման առումով, ինչպես նաև հյուրասենյակի և խոհանոցի ինտերյերային ու ֆունկցիոնալ կապերի ստեղծումը պատշգամբ-ճաշասենյակի հետ, որ առկա են օրվա բոլոր ժամերին: Ըստ իս, արդի ընտանիքի կենցաղի նորովի կազմակերպման հավակնումներ ունի մուտք-պատշգամբի հիման վրա լուծված բնակարանը, կենցաղ, որ չի կտրվում նաև ավանդույթներից:

Բնակելի շենքերի նախագծումներին նվիրված ճարտարապետը, իհարկե, չի կարող չսիրել նաև բնակելի համալիրը՝ մարդու և ընտանիքի բնակվելու այն լիարժեք միջավայրը, որ մեր քաղաքաշինության մեջ միկրոշրջան է կոչվում: Ցավոք, մեր ճարտարապետներին քիչ է հաջողվում միկրոշրջանը նախագծել ծայրից-ծայր՝ հատակագծումից մինչև շենքերի նախագծում, մինչև բարեկարգման վերջին տարրը: Թերևս այդ է պատճառը, որ շատերը սառնասիրտ են այս թեմայի հանդեպ:

Այնուամենայնիվ, ինձ վիճակվեց իմ իսկ նախապես մշակած շենքերի հիման վրա նախագծել մի համալիր, որ հետագայում Մեծամոր անունն ստացավ: Ըստ գլխավոր հատակագծի դա մի փոքրիկ քաղաք է բնակելի շենքերով և իր կուլտուր-կենցաղային շենքերի ողջ բազմազանությամբ: Քաղաքում կա երեք միկրոշրջան, կենտրոն՝ համաքաղաքային շենքերով հյուսված, կոմունալ-պահեստային շենքերի գոտի և հիվանդանոցային համալիր: Տեղանքի թեքության հյուսիս-հարավ կողմնորոշումը, համայնապատկերում Արարատ և Արագած լեռների ուրվագիծը, Երևան-Արմավիր մայրուղու դիրքը պայմանավորեցին մի համակարգ, որտեղ առկա էր նորը՝ մինչ այդ կազմակերպված միկրոշրջանների համեմատ: Դա առաջին փորձն էր մեզանում (1967 թ.) ձերբազատելու բնակելի շենքերը փողոցի կաշկանդումներից և լուծելու նրանք համարժեք՝ բոլոր ճակատներում, տարածության մեջ: Բնակելի շենքերը կառուցապատման մեջ մասնակցում են ոչ թե ստերեոտիպ անկանոնությամբ, այլ խստորեն կողմնորոշված են դեպի լավագույն օրիենտացիան և միկրոշրջանի պարագծով ստեղծում են տարբեր չափեր ունեցող հարմարավետ բակերի մի ժանյակ-շղթա՝ շաղկապված ու հերթագայվող, որ շրջապատում է միկրոշրջանի ներքին մեծ տարածությունը՝ դպրոցով ու մանկապարտեզներով: Սպասարկող բլոկները կենտրոնացած են իննահարկ բնակելի շենքերով շեշտված հանգույցներում և հավասարահեռ են սպասարկվողներից:

Քաղաքի կենտրոնի առանցքն անցնում է տեղանքում շատ լավ նշմարվող բլրի վրայով, որի գագաթին տեղադրված է դեռևս չիրականացված մի կառույց՝ ջրաճնշիչ աշտարակը՝ դիտահարթակներով և ատոմային էներգետիկային նվիրված առաջին թանգարանով: Կենտրոնի հասարակական շենքերը ևս լուծված են տարածական միահյուսումներով: Նրանք իրար միացված են ներքին գողտրիկ բակերով, անցումներով, թփածածկերով: Այդպես, քաղաքային զբոսայգու հետ հյուսված, իրար են հաջորդում հասարակական-վարչական, առևտրական ու մարզական գոտիները, որ ավարտվում են հանգստի ու զբոսանքի քաղաքային լճակով:

Շուրջ երեք տասնամյակ զբաղվել եմ հանրապետության առողջարանային գոտիների ու շենքերի նախագծումով, նաև ուսումնասիրությամբ: Առաջին նախագիծը Հանքավանի առողջարանային համալիրն է, որ հաստատվեց 1965-ին: Այնուհետև՝ Ջերմուկի առողջարանը 250 տեղով, Արզնու, Հանքավանի, Ջերմուկի 500-ական տեղով առողջարանները, Ջերմուկի Մշակութային առողջասրահը, ոչ քիչ պանսիոնատներ, պիոներական ճամբարներ, հանգստի այլ օբյեկտներ: Առողջարանների նախագծերով այնքան հրապուրվեցի, որ կատարեցի նաև մի քանի մեծածավալ գիտական աշխատանք Անդրկովկասյան և Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտների պատվերով, որ հետագայում դարձան համամիութենական թեմայի հայկական մասը:

Առանձին կուզենայի նշել Ջերմուկի մշակութային առողջասրահի նախագիծը, որ իմ սիրած ճարտարապետական դրսևորումներից է: Այս օբյեկտը, որ բաղկացած է 800 հանդիսատեղով թատերասրահից, լողավազանից, ակումբային-գրադարանային համալիրից և սրճարանից, մտահղացած է մեկ ծավալի մեջ՝ նպատակ ունենալով ոչ միայն ստեղծել ամբողջական մի ներաշխարհ հսկա ձմեռային այգու շուրջը, այլև մի աշխարհ՝ շենքի կտուրին՝ ձմեռը նաև տաքացվող, ինչպես խոշոր մի զբոսանավի տախտակամած՝ բաց լողավազանով, արևի հարթակներով, սրճարանով, կինոհամերգային բացօթյա սրահով: Այս աշխարհը պայմանավորված է Ջերմուկի կլիմայով, որտեղ երկարատև ձմեռը առատ ձյունից բացի մշտական պայծառ ու ջերմ արև է պարգևում մարդկանց և տաք կտուրը նրանց հիմնական հաճելի հանգստահարթակը պետք է լինի:

Իմ նախագծած հանգստի օբյեկտներից առանձին վերաբերմունք ունեմ Արզականում ԵՐԱԶ գործարանի պանսիոնատի նախագծի հանդեպ: Եռանկյուն այս բուրգը հետաքրքիր անկյուններով և իր առաջին հարկի մակարդակում համայնապատկեր ունեցող ներքին բակով, որ թառած է ձորին ամենաբնորոշ մի հրվանդանի վրա, ինչպես թանկագին մի բյուրեղ, պահանջում է նրբին և ուշադիր իրականացում:

Հասարակական այլ բնույթի շենքերի նախագծերից թերևս առանձնացնեմ Էջմիածնի վարչական շենքը և մշակույթի տների այն շարքը, որ կառուցվեց մեր բազմաթիվ փոքր քաղաքներում, Մեծամորի և Ապարանի մշակույթի տները և գեղարվեստական ինքնագործունեության տան նախագիծը Նորքի կենտրոնում: Այս նախագծերում ամենից բնորոշը այն ռացիոնալիզմն է, որ ընկած է օրգանիզմի հստակ հորինվածքի և դրանից բխող պարզ ճարտարապետական ձևերի հիմքում:

Էջմիածնի վարչական շենքը՝ կենտրոնական հրապարակի վրա, պատասխանատու մի խնդիր էր և մտորումների առիթ դարձավ: Գնա՞լ արդյոք ավանդական ձևերի կրկնության ճանապարհով, քանի որ քաղաքը մեր հոգևոր կենտրոնն է, թե՛ ավանդականին հենված փնտրել նորը: Փորձ արվեց գտնել թարմ ձևեր ու միջոցներ, որոնք նույնպես լինեն հարազատ ու ավանդական: Դա հնարավոր դարձավ ժողովրդական ճարտարապետության ակունքներին դիմելուց հետո միայն, որ արտահայտվեց շենքի ծավալների ակտիվ մեկնաբանությամբ, սյունային-հեծանային ստրուկտուրայի ինքնարտահայտման միջոցով, ինչպես նաև Էջմիածնին բնորոշ խաղողի թփածածկերի ներմուծումով նրա գլխավոր վարչական շենքի ճարտարապետության մեջ, որ շատ կարևոր է թե՛ ժողովրդական ձևերի և թե՛ բնակլիմայական տեսանկյունից: Այժմ, ըստ իս, իր թեթև, արդիական, նաև ավանդական ձևերով այս շենքի ճարտարապետությունը դեմոկրատական է ու անսքող, Արարատյան դաշտի միջավայրին հարազատ…

Ես հուշարձաններ քիչ եմ նախագծել, բայց չէի կարող չարձագանքել մի խումբ ծեր խարբերդցիների խնդրանքին՝ կատարելու 1915 թ. Մեծ Եղեռնի իրենց նահանգի 200 հազար զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը: Լարված ու անքուն գիշերներով լի պրպտումներից հետո կարծես թե ամբողջացավ հուշարձանի գաղափարը. – եղել է մի վեհ շինություն, դաժան խաժամուժը ավերել է այն, բայց եկել են նորը կառուցող մարդիկ ու նրա բեկորներից կանգնեցրել են այս կուռ հուշարձանը: Այսինքն, այն ծանր եղելության նման, որ ապրել է Հայ ժողովուրդը դարասկզբին: Հուշարձանը սիրվեց ու հասկացվեց, կառուցվեց ու բացվեց առաջինը՝ 1965-ի ապրիլի 24-ին:

Նույն տքնությամբ նախագծել եմ նաև մի այլ հուշարձան՝ Ապարանի շրջանի Ձորագլուխ գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Սա, ի տարբերություն բազմաթիվ նման կառույցների, գործող է, ոչ միայն իր հուզիչ կերպարով, այլ զոհված հարազատներին հիշելու և մեծարելու հնարավորությամբ, յուրաքանչյուր զոհի հիշատակին խնձորենու մեկական ծառ աճեցնելու պարտականությամբ, խնձորենու այգու գարնանային բուռն ծաղկեփթթումով:

Հաշվետու լինել… Կյանքի, անցած ուղու համար հաշվետու լինելու զգացմունքը ինձ միշտ ուղեկցել է իմ գործունեության ընթացքում:

Յուրաքանչյուր օր, համարյա, ինքս ինձ հաշիվ եմ տվել, թե ինչ արեցի այդ օրը: Ահա հիմա էլ հաշվետու եմ և կարծես երկարեց իմ ինքնախոստովանանքս:

Խոսեցի նախագծումների մասին, թերևս տեղին է, որովհետև դա՛ է գլխավորը ճարտարապետի կյանքում: Իմ սրտին ոչ պակաս մոտ է եղել նաև գրելը, գրել ճարտարապետության մասին, փորձել մեկնաբանել այս կամ այն երևույթը, նախագիծը, ուսումնասիրության և գիտական ընդհանրացումների միջոցով պարզել ու վերլուծել մեզ հուզող խնդիրը:

Մեծ է եղել իմ պատասխանատվությունը գրավոր խոսքի հանդեպ: Դա մի այլ ու պահանջկոտ աշխարհ է, քան բանավորը: Մեծագույն հաճույք է եղել գրելը, մանավանդ մայրենի լեզվով: Իսկ Հայոց լեզուն՝ մի հրաշք է, մեր ժողովրդի ամենամեծ ոգեղենը, և երջանիկ է այն հայը, որ հասու է նրա գեղեցիկ ու խորը վեհություններին, նրա միջոցներին՝ ճկուն, բազմազան ու մշտնջենական:

Ես շնորհակալ եմ կյանքից՝ ինձ տրված երջանիկ պահերի համար: Իհարկե, եղել են նաև դառնություններ: Շնորհակալ եմ, որ կյանքն ինձ երբեք չի շոյել ու հանգստացրել չափազանց բարոքությամբ: Ամեն ինչ իմ կյանքում եղել է միայն աշխատանքի շնորհիվ՝ անզուսպ ու բազմակողմանի: Շնորհակալ եմ կյանքից բարեկամներիս համար, որ նրանք կան, նաև այն բանի համար, որ հստակ են եղել իմ հարաբերությունները չկամների կամ անբարեկամների հետ: Շնորհակալ եմ բոլորից, ում հետ աշխատել եմ, ստեղծագործել. Ս. Սաֆարյան, Կ. Հակոբյան, Վ. Հարությունյան, Վ. Արևշատյան, Մ. Հայրապետյան, Ա. Թարխանյան, Ա. Կանայան, Կ. Տիրատուրյան, Ֆ. Վաղարշակյան, Ս. Ումեդյան, Կ. Ղազարյան, Մ. Մուսոյան, Ռ. Ազատյան, Վ. Ալեքսանյան, Ի. Ջաղեթյան, ու շատ-շատեր…

Կուզեի երկար ու երկար աշխատել, քանի դեռ օգտակար կարող եմ լինել իմ ժողովրդին, իմ սիրելի հայրենիքին…

Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։