Բանաստեղծություններ

Հայոց լեզուն՝ մի հրաշք է, մեր ժողովրդի ամենամեծ ոգեղենը, և երջանիկ է այն հայը, որ հասու է նրա գեղեցիկ ու խորը վեհություններին, նրա միջոցներին՝ ճկուն, բազմազան ու մշտնջենական:

Երանի նրան, ով որ անթառամ
Իր կյանքի ճամփին ծաղկունք է ցանում
Եվ արծաթափայլ ձմեռվա նման
Իր կյանքից հետո ապրող աշխարհին
Անմահ գործերի գարունն է թողնում:
03.10.1943թ.

Չգիտեմ, արդյո՞ք
Փնտրող հոգիս
Քո մեջ կգտնի
Սեր` հավետ անշեջ:
Ես կյանքն եմ սիրում,
Աշխարհն եմ սիրում,
Ու Հայրենիքս.
– Կա՞ն սրանք քո մեջ…
13. 03. 1944 թ.

– Հայրիկ, ինչու՞ իրար սիրող
Ընկերներ են այն մարդիկ,
Որոնք կռվում ծանոթացել
Ու կռվել են միասին:
– Որովհետև նրանք այնտեղ
Փոթորկումն են միշտ ապրել,
Ընկերոջը` թշնամուց նենգ,
Կյանքի գնով են փրկել:

Տղա՛ս, երբ դու էլ մեծանաս,
Երբ մտնես բովը կյանքի,
Ձեռքդ միայն նրան կտաս,
Ով փորձանքից քեզ փրկի:
Դու՛ էլ երբեք չմոռանաս
Նրան ձեռքդ մեկնելու,
Չտատանվես, լսի՛ր, տղաս,
Նրան` կյանքդ զոհելու:
19. 03. 1944 թ.

Քեզանից առաջ եղել է գիշեր…
Դու` իմ երկնքում լույսի ճառագայթ,
Դու սիրերգ` սրտիս, այլ ոչ թե հուշեր,
Կախարդիր, դյութիր հոգիս խելագար:
08. 11. 1962 թ.

Իմ ժողովուրդը

Ժողովրդիս ընդերքում
Աշխարհներ կան ու գանձեր,
Ժողովրդիս վեհ կյանքում
Քանի՛ ամպրոպ է անցել:

Աշխարհափայլ իր հոգում
Որքա՜ն է նա կամեցել
Մարգարիտներն իր հոգու
Հավերժությանը հանձնել:

Որքա՜ն է նա կամեցել
Անհունի մեջ թափանցել,
Որքա՜ն է նա կամեցել
Իր վսեմ փառքը տեսնել:

Որքա՜ն է նա կամեցել
Երջանիկ կյա՜նքը տեսնել…
Բայց դարը չի կամեցել
Լսել նրա ձայնը մեծ,
Դառնությամբ է նա անցել
Նրա գլխից հողմածեծ…

Բայց փոթորկում ահավոր
Նա պահել է հույսը մեծ,
Մինչև ինքն է ելել վեր,
Մինչև զենք է առել սուր…
Ու մոռացել է հավերժ,
Վիշտ, ցավ ու բախտը տխուր:

Այժմ կանգնել է հաստատ
Հավերժության մեծ շեմքին,
Միտքը` անհունին հանձնած,
Անհուն ժպիտը դենքին:
Նա կերտում է կյանքը նոր`
Ձեռքում բռնած փառքը հին:
01. 03. 1944 թ.

Դարը դղրդում է, շառաչում ու անցնում,
Մարդիկ պայքարում են, մարտնչում ու անցնում,
Վա՜յ նրան, ով այս փոթորկուն ժամին
Դարից անջատ է հառաչում ու անցնում:
20. 03. 1944 թ.

Առավոտյան շաղի մեջ
Ես շրջում եմ միայնակ
Ու շնչում եմ սարերի
Կենդանացած բույրն` անհագ,
Որ գերում է ամենքին…
Օ՜, բնություն, երանի,
Քո պես ամեն գարունքին
Նորի՜ց, նորի՜ց ծաղկեի:
29. 04. 1944 թ.

Պառկած եմ լազուր, բաց երկնքի տակ,
Հայրենի չքնաղ բնության գրկում,
Հուզված է հոգիս, մինչ հատակն անտակ,
Անուշ տենչանքով կանաչն եմ գրկում:

Շուրջս անտառն է շրջան բոլորել,
Դեմս լեռներն են բարձրացել հպարտ,
Լազուր երկինքը արևն է վառել,
Սիրտս դարձել է մի քնքույշ սաղարթ:
05. 08. 1944 թ.

Կուզեմ` ինչպես աղբյուր միշտ կարկաչես,
Անվերջ խաղաս իմ երգերում,
Կուզեմ անհուն, պայծառ սիրով կանչես,
Իմ ծարավուն երազներում:
02. 05. 1952 թ.

Սեր և մոռացում (էքսպրոմտ)

Ես` քո սիրող սրտին երգիչ,
Դու` ինձ համար` ծաղկեփունջ,
Ես` քո հոգու սուրբ բնակիչ,
Դու` իմ երգին` կյանք ու շունչ:
Ես` քեզ համար մի սուրբ տաճար,
Դու` խաչքար իմ խորանում,
Ես` որմնամայթ մարմարաշար,
Դու` խոյակն իմ զարդարուն:
Ես` մի հովիտ տերևազարդ,
Դու` սիրագեղ մի եղնիկ,
Ես` քեզ ընկեր ու հարազատ,
Դու` անծանոթ մի աղջիկ:
Ես` ափերդ արևակեզ,
Դու` վարարուն մի գետակ,
Ես` ամենուր տենչում եմ քեզ,
Դու` անմարմին հիշատակ:
Ես` քո անուշ խոսքին կարոտ,
Դու` երազ մի իրական,
Ես` քեզ համար մի անծանոթ,
Դու` ինձ անտես բարեկամ…
1952 թ.

Ռ-ին (բանաստեղծություն-ների տետրս նվիրելու առթիվ)

Երբ քեզ համար տխուր լինի
Ու թախծալի` առօրյադ,–
Վերադարձիր իմ երգերին –
Իմ հույզերին սիրառատ.

Երբ քո ճամփեն դժվար լինի,
Ու մարդիկ` անմխիթար, –
Քո սրտի մեջ, որպես գինի,
Իմ երգերի շունչը տար:

Երբ կարոտով սերս փնտրես
Ինձ մի՛ կանչիր երբեք դու, –
Սերս երգո՛վ եմ տվել քեզ –
Գնա՛, երգում փնտրելու:

Երբ ուզենաս սիրտս զգալ
Սեղմած ամուր քո սրտին,
Իմ երգերը` կրծքումդ հա՛ր
Պահիր սիրով կաթոգին:

Երբ մեր անցած երազներից
Ցանկաս հիշել երբիցե, –
Ո՞վ կարող է իմ երգերից
Ավելի լավ հուշակցել…

Ա՛ռ, երգերիս տետրակն այս սուղ –
Թող սեր լինի քեզ համար,
Իմ թանկագին, իմ անուշ քույր,
Իմ երգերի սիրահար:

Բայց իմացի՛ր, որ առանց քեզ
Նրանք ցավից կթոշնեն, –
Պահի՛ր նրանց սիրով հրկեզ,
Սիրով մաքուր, լուսեղեն:
23. 03. 1953 թ.

Մտորմունք

Երբ չեմ լինի ես, երբ ես հեռանամ,
Կարդա դու նորից տողերն այս դալուկ.
(Ա՜խ, ո՞վ իմանա, նրանք կմնա՞ն.
Թե՞ սիրտդ նրանց էլ չի տենչալու…)

Բայց եթե գտնես ու կարդաս նորից,
Գիտցիր, որ այնտեղ կյանքս է դրված,
Ու, թեկուզ չնչին սիրով հիշիր ինձ,
Հիշիր, որ սիրտս քեզնով էր վառված:
1945 թ.

Ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանին

Քո աղբյուրների վրա,
Երգում են քարերդ, Ռաֆո՛,
Քո քարեհյուս երգով
Լի՛ է սիրտդ հիմի.
Թող միշտ ջահել մնա
Երգդ աղբյուրների,
Թող աղբյուրներիդ նման
Երգդ եկա՜ր լինի:
Սեպտեմբեր, 1950 թ.

Խոհեր

Գնացքը սահում է, հոսում է,
Անցնում է գիշերը մթին,
Հիշում եմ ես քո խոստումը`
Լուսնյակը վկա է մեր հին…

Գնացքը սահում է, հոսում է,
Անցնում է գիշերը մթին,
Ու լուսինն աստղերին պատմում է,
Մեր սիրո խոստումի մասին:
21.07.1946թ.

Սևանա լճին

Կուզեի հիմա
վրձինով վարպետ
ալիքներիդ հետ
խաղալ ու երգել:

Կուզեի, որ քո
շառաչն այսօրվա
հանդարտվեր մի պահ
այդ վրձնի հետ:

Կուզեի նստել
ափերիդ քարե
և սիրտս խոսեր
ալիքներիդ հետ:

Կուզեի, որ միշտ
սիրտս լուսատենչ
ալիքներիդ պես
խաղար ու երգեր:
09.01.1951 թ.

Թումանյանական

Ես սեր ունեմ` թույր չունի,
Սիրած յարի բույր չունի,
Անզոր, անհույս, մոլորված
Սիրտս` անուշ քույր չունի…
08. 06. 1958 թ.

Ճարտարապետ Սամվել Սաֆարյանին

Դու սիրել ես երգը քարի,
Սիրտդ դրել այդ երգի մեջ,
Սիրտդ լցրել ես դու անշեջ
Երգով մեր հին վարպետների.
Դու խոսքերով քո նո՛ր, վարպե՛տ,
Շունչ ես տվել մեր քարերին,
Դու ապրում ես քարերի հետ,
Ինչպես վարպետները մեր հին…
Կուզեմ դու էլ սրբանվեր,
Մեր աշխարհին ու դարերին,
Սիրտդ թողնես որպես նվեր,
Նման մեր հին վարպետներին,
Որ սերունդները ապագա,
Համբուրեն քո երգը քարե,
Ինչպես այսօր համբուրում ենք
Երգը մեր հին վարպետների:
Հոկտեմբեր, 1950 թ.

Տրիոլետ

Քո պայծառ հայացքի խնդությունը վառ
Իմ հոգին լցնում է կյանքի ղողանջով,
Զարթնում եմ կարծես երջանիկ կանչով
Քո պայծառ հայացքի խնդության հետ վառ:
Չքվում է, կորչում տրտմությունը մառ,
Կյանքս դառնում է մի երգ կենաշող,
Պայծառ հայացքիդ խնդությունը վառ
Հոգիս լցնում է անուշ ղողանջով:
02.05.1952 թ.

Գարնանային

Աշուն է,
հայրենի երկրիս դաշտերում
աշուն է հիմա:
Այգիներն ահա
բերքից ազատված`
դեզին են հագել,
Եվ տերևները
դալուկ ու տխուր,
չընդդիմանալով այլևս հողմին
Թափվում են դեղին
փաթիլների պես
ու իջնում իրենց
սնող մայր հողին…
Աշուն է…
հայրենի երկրիս
աշուն է իջել…
Քայլում եմ հանդարտ
լուռ այգիներով.
կիսամերկ, թափուր
ճյուղերի միջից
շոյում է անթարթ
արփին կամացուկ,
Ու տերևների անու՜շ խշշոցից
լցվում է հոգիս
անհուն կարոտով…
Աշուն է…
սակայն իմ հոգում կարծես
գարուն է, զարթոնք,
մի նոր բողբոջում.
Ո՞վ է պատվաստել
ծիլն այս` իմ հոգում,
ո՞վ է բույն շինել
սրտիս փչակում…
Արդյոք դու՞ ես, դու՛,
սերն է քո անհուն
երկրիս հայրենի
աշունն այս դեղին`
դարձրել է գարուն,
երգերի՜ գարուն…
08.11.1962 թ.

Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։