Իմ առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է մեր ընտանիքի համար նախագծված առանձնատունը, որ ես կատարել եմ 1947 թ., դեռևս չորրորդ կուրսում ուսանելիս: Առանձնատան կառուցումը, որ ինձ համար, իհարկե, հասունանալու դպրոց էր, բերեց նաև մեծ հոգսեր: Դժվար էր և՛ ուսանել (հետագայում՝ աշխատել), և՛ կառուցել, և՛ ճարտարապետական մրցույթներին մասնակցել, և՛ տեսությամբ զբաղվել… Կոփվե՞լ է դա կոչվում, թե ուժերի ջլատում, ես այսօր էլ որոշակի պատասխան չունեմ… երևի երկուսն էլ:
Դժվար էին պատերազմի և ուսման տարիները, բայց մեզ՝ առաջին շրջանավարտներիս ոգևորում էր նախագծելու և կառուցելու համար մեր առջև բացվող կյանքի երկար ճանապարհը:
Ավարտելուց հետո ինձ իրեն մոտ աշխատելու հրավիրեց իմ ուսուցիչը՝ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը: Պետք է խոստովանեմ, որ աշխատելու, ստեղծագործելու առումով ինչ-որ լավը կա իմ հոգում՝ գալիս է նրանից կամ կրել է նրա ազդեցությունը:
Միքայելյան Ընտանիք © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։